Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) պարտություն կրեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում և կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովի հետ և պարտվեց 2:6 հաշվով:
Առաջին մրցափուլի միջնամասում Կարապետ Չալյանը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Նա բարձրացրեց մրցակցին, սակայն գցումն անհաջող կատարեց ու 2 միավոր տվեց Մահմուդովին: Ղրղզ ըմբիշը ստացավ պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, իսկ հաշիվը դարձավ 4:1: Մահմուդովը վաստակեց ևս 2 միավոր, իսկ Չալյանը դարձյալ հայտնվեց պարտերում: Հայ ըմբիշն այս անգամ հաջող պաշտպանվեց: Առաջին մրցափուլն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Ակժոլ Մահմուդովի:
Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Մրցակիցը հաջող պաշտպանվեց ու վերջնամասում ընդամենը մեկ միավոր տվեց Չալյանին՝ 6:2:
Օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի ու թունիսցի Լամջեդ Մաաֆիի միջև սփոփիչ գոտեմարտի հաղթողը: Եզրափակիչում Ակժոլ Մահմուդովի մրցակիցը կլինի հունգարացի Տամաշ Լորինցը, որը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ իրանցի Մոհամադալի Գերայիի նկատմամբ: