sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 հաշվով:

Առաջին մրցափուլի միջնամասում գյումրեցի ըմբիշը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն Սարավին հաջող պաշտպանվեց և Ալեքսանյանին թույլ չտվեց գլորում կատարել: Առաջին մրցափուլում գրանցվեց 1:0 հաշիվը:

Երկրորդ մրցափուլում պարտերում վերևից աշխատելու հնարավորություն ստացավ իրանցի ըմբիշը և հաշիվը հավասարվեց՝ 1:1: Արթուր Ալեքսանյանն անթերի պաշտպանվեց պառկած դիրքից, և ըմբիշները պայքարը շարունակեցին կանգնած: Օլիմպիական չեմպիոնը շատ ակտիվ էր, ինչից հետո մրցակիցը դարձյալ հայտնվեց պարտերում: Արթուր Ալեքսանյանը բարձրացրեց մրցակցին, վաստակեց 2 միավոր, սակայն ոտքի մկանը ձգեց այդ պահին: Մինչ հայ ըմբիշը բուժօգնություն էր ստանում, Իրանի թիմի մարզիչները բողոքարկեցին և պարտվեցին, ինչից հետո հաշիվը դարձավ 4:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:

Օգոստոսի 3-ին կայանալիք երափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևը:

 Արթուր Ալեքսանյան, Տոկիո-2020