Երեկ տեղի ունեցան աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանի թայ-բրեյքները։ Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր առաջին շրջանի 2-րդ պարտիաներում անակնկալ պարտություններ էին կրել, թայ-բրեյքում 2-0 հաշվով հաղթանակ տոնեցին և նվաճեցին 2-րդ շրջանի ուղեգրեր, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Այսպիսով Հայաստանի բոլոր ներկայացուցիչները շարունակում են պայքարը։
2-րդ շրջանից իրենց մրցելույթներն են սկսում Հայաստանի առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ևս հաղթահարել է 1/128 եզրափակչի արգելքը:
Դանիելյանը 2 պարտիայում էլ հաղթել է պարագվայցի Գաբրիելա Վարգասին։ 1/64 եզրափակչում մեր շախմատիստուհու մրցակիցը կլինի ռումինացի Իրինա Բուլմագան: Վերջինս պայքարը սկսում է այս շրջանից: