sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Արարատի» և «Ֆեհերվարի» գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելուց հետո Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ամփոփել է հանդիպումը:

«Առաջին խաղից հետո ասացի, որ ամեն բան որոշվելու է Գյումրիում՝ պայմանավորված ՈւԵՖԱ-ի՝ արտագնա գոլի կանոնի փոփոխությունով:

Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Փառք ու պատիվ տղաներին մեծ նվիրումի, կատարած աշխատանքի, խաղին ամբողջությամբ նվիրվելու, դիմանալու ու իհարկե այս արդյունքը գրանցելու համար:

Մրցակիցը շատ լավն էր՝ համալրված որակյալ խաղացողներով: Մենք գիտեինք, որ եթե այդ մեկ պահը տայինք մրցակցին, նա մեզ համար անախորժություններ կստեղծեր: Կարողացանք կենտրոնացվածությունն ու կարգապահությունը պահել ամբողջ խաղի ընթացքում ու գրանցել մեզ համար ցանկալի արդյունք»,- հետխաղյա ասուլիսի ընթացքում ասել է Բիչախչյանը:

Հարցին, թե հաջորդ փուլում որտե՞ղ կցանկանա անցկացնել տնային հանդիպումը՝ Երևանո՞ւմ, թե՞ Գյումրիում, Վարդան Բիչախչյանը պատասխանել է՝ «Միանշանակ Գյումրիում»:

«Ֆեհերվարի» գլխավոր մարզիչ Իմրե Սաբիչը պարտությունից հետո նույնպես ամփոփել է խաղը և կիսվել տպավորություններով:

«Շնորհավորում եմ «Արարատին» հաղթանակի կապակցությամբ ու հաջողություններ եմ մաղթում հետագայում: Տեղի ունեցավ այն, ինչից մենք զգուշանում էինք: Ես ասել էի, որ հարկավոր է նվիրվել 100 տոկոսով, խաղալ ամբողջ ուժով, բայց չստացվեց:

Մենք պլանավորել էինք տիրել գնդակին ու խաղալ բարձր տեմպով, բայց դանդաղում էինք: Դրանից բացի, «Արարատը» շատ լավ էր հակագրոհում: Այնպիսի տպավորություն է, կարծես «Արարատի» ֆուտբոլիստների՝ հաղթանակի հասնելու ցանկությունը փոքր-ինչ ավելի մեծ էր, քան մեր թիմի ցանկությունը:

Մենք չէինք թերագնահատել մրցակցին: Ընդհակառակը, մենք գիտեինք, թե ինչ մրցակցի դեմ ենք խաղալու, քանի որ մեկ հանդիպում արդեն անցկացրել էինք: «Արարատը» մեզ համար անհարմար մրցակից էր, անսովոր էր այդպիսի մրցակցի դեմ խաղալ: Այն խնդիրները, որ ունեցանք այսօր, ունեինք նաև առաջին խաղում: Անսովոր ասելով՝ նկատի ունեմ այն հավատը, որ ուներ «Արարատը» խաղի նկատմամբ: Եթե նրանք խաղան նույն հավատով, կարծում եմ՝ կհաղթահարեն նաև հաջորդ փուլի արգելքը»:

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատը» կմրցի «Պայդե» - «Շլյոնսկ Վրոցլավ» զույգի հաղթողի հետ: Այդ զույգի առաջին խաղում լեհական ակումբը հաղթել է 2-1 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա այսօր:

 «Արարատ», ՈւԵՖԱ, Կոնֆերենցիաների Լիգա, Վարդան Բիչախչյան