Մեկօրյա հանգստից հետո Բուխարեստում ընթացող դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի մրցախաղերը:
Լևոն Արոնյանը Շահրիյար Մամեդյարովի հետ սկզբունքային մրցախաղում սևերով 40-րդ քայլին պարտվեց: Դա մրցաշարում հայ շախմատիստի առաջին պարտությունն էր: Հիշեցնենք, որ նախորդ 5 պարտիաներն էլ Արոնյանն ավարտել էր ոչ-ոքի:
Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց Կոնստանտին Լուպուլեսկուին, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ֆաբիանո Կարուանան, Բոգդան-Դանիել Դյակն ու Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին հաշտություն կնքեցին:
6 տուրից հետո 4-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր Գրիշչուկը և Շահրիյար Մամեդյարովը: Նրանց կես միավոր է զիջում Ուեսլի Սոն: Արոնյանը 2,5 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի առաջատարներից մեկի՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: