Վերջնագիծը հատեց Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 8-րդ փուլն էր: Ցավոք, Լևոն Արոնյանին 3-րդ տեղի համար պայքարում չհաջողվեց առավելության հասնել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ առաջին մրցախաղում գրանցվել էր ոչ-ոքի (2-2): Իսկ այսօր կայացած 2-րդ մրցախաղում Արոնյանը պարտվեց 0,5-2,5 հաշվով և զբաղեցրեց 4-րդ տեղը՝ բավարարվելով 6,5 հազար դոլար պարգևավճարով: Արտեմևը ստացավ 8,5 հազար դոլար պարգևավճար:
2-րդ մրցախաղի 1-ին և 3-րդ պարտիաներում Արոնյանը պարտվեց, իսկ 2-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուեսլի Սոն, որը եզրափակիչ 2-րդ մրցախաղը Լե Քուանգի հետ ավարտեց ոչ-ոքի: Երեկ կայացած առաջին մրցախաղում Սոն հաղթել էր 2,5-0,5 հաշվով: Նա կստանա գլխավոր մրցանակը՝ 30 հազար դոլար պարգևավճարը: 2-րդ տեղը զբաղեցրած Լե Քուանգը կպարգևատրվի 15 հազար դոլարով: