sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար

Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան կիսաեզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Լևոն Արոնյանին չափազանց բարդ իրավիճակում հաջողվեց երկրորդ մրցախաղում հաղթել վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգին, որին երեկ պարտվել էր 1-3 հաշվով:

Առաջին պարտիան, որում սևերով խաղում էր Արոնյանը, 38-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ պարտիայում վիետնամցի շախմատիստը սևերով 36-րդ քայլին հաղթանակ տարավ:

Պայքարը շարունակելու համար Արոնյանին անհրաժեշտ էր նախ 3-րդ պարտիայում անպայման հաղթել ու հավասարեցնել երկրորդ մրցախաղի հաշիվը: Եվ դա հայ գրոսմայստերին հաջողվեց: 74-րդ քայլին պարտիան ավարտվեց սև խաղաքարերով խաղացող Արոնյանի հաղթանակով:

Մրցախաղի ելքը պետք է վճռեր ավարտական՝ 4-րդ պարտիան, որում ևս Արոնյանին հաղթանակ էր անհրաժեշտ: Այս անգամ էլ Լևոնն իր բարձրության վրա գտնվեց ու կարողացավ 94-րդ քայլին սպիտակներով անչափ կարևոր հաղթանակ տոնել, որի շնորհիվ 2-րդ մրցախաղը շահեց 2,5-1,5 հաշվով:

Եվ այսպես, եզրափակչի ուղեգրի բախտը վճռվեց  կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում: Մրցակարգով նախատեսված 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Ուստի ամեն ինչ վճռվեց «արմագեդոնում», որում ոչ-ոքիի դեպքում հաղթանակը տրվելու էր սև խաղաքարերով խաղացող Արոնյանին: Ցավոք, Արոնյանը պարտվեց:

Այսպիսով, Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում կհանդիպի Վլադիսլավ Արտեմևի հետ: Իսկ գլխավոր մրցանակը կվիճարկեն Լե Քուանգը և Ուեսլի Սոն: Վերջինս 2-րդ մրցախաղը Վլադիսլավ Արտեմևի հետ ավարտեց ոչ-ոքի: Նշենք, որ առաջին մրցախաղում Սոն հաղթել էր 2,5-1,5 հաշվով:

 Լևոն Արոնյան