sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

Լևոն Արոնյանը շարունակելով վստահ ելույթները Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում, հաջողությամբ հաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը ու մտավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի Մագնուս Կառլսենի հետ:

Հնդիկ շախմատիստ Էրիգայսի Արջունի հետ արագ շախմատի 4 պարտիաներից բաղկացած 2-րդ մրցախաղն էլ ավարտվեց ոչ-ոքի: Սակայն, ի տարբերություն առաջին մրցախաղի, այս անգամ բոլոր 4 պարտիաներում էլ մրցակիցները հաշտություն կնքեցին:

Կիսաեզրափակչի ուղեգրի բախտը վճռվեց կայծակնային շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում: Առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց, երկրորդն ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Լևոնը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը՝ Մագնուս Կառլսենը ևս ուղեգիրը նվաճեց լրացուցիչ մրցախաղում: Ուեսլի Սոյի հետ երկրորդ մրցախաղում Կառլսենը պարտվեց 1,5-2,5 հաշվով: Առաջինում նա նույնպիսի հաշվով հաղթել էր մրցակցին: Իսկ լրացուցիչ մրցախաղն աշխարհի չեմպիոնը շահեց 1,5-0,5 հաշվով:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Դին Լիժենն ու Վլադիսլավ Արտեմևը: Լիժենը 3-1 հաշվով հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային: Նրանց առաջին մրցախաղում ոչ-ոքի էր գրանցվել: Իսկ ահա Վլադիսլավ Արտեմևը 2-րդ մրցախաղում կրկին առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ՝ 2-1: Առաջինում նա հաղթել էր 3-0 հաշվով:

 Լևոն Արոնյան, Մագնուս Կառլսեն