Կայծակնային շախմատի San Fermin Masters առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը հասավ մինչև եզրափակիչ, որում 3-5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: 8 պարտիաներից ընդամենը 2-ում Արոնյանը հաղթեց, 4-ում պարտվեց, 2-ում մրցակիցները հաշտություն կնքեցին:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանը հենց կայծակնային շախմատի 2 պարտիաներից բաղկացած լրացուցիչ մրցախաղում էր հաղթել Կառլսենին ու մտել էր եզրափակիչ, որում պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմևին, արժանացել էր 30 հազար դոլար պարգևավճարի:
San Fermin Masters առցանց մրցաշարում հանդես եկած 8 մասնակիցները բաժանվել էին զույգերի: Մրցակիցները միմյանց հետ 8 պարտիայից բաղկացած մրցախաղեր անցկացրին: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում էր լրացուցիչ մրցախաղում:
Քառորդ եզրափակչում Արոնյանը 6-5 հաշվով առավելության հասավ Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում պայքարից դուրս մղեց Դին Լիժենին (5-3):