9-րդ տուրի մրցախաղերով Բուխարեստում ավարտվեց դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարը: Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու 45 հազար դոլար պարգևավճար ստացավ:
Լևոն Արոնյանն ավարտական տուրում հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ և 5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունքի հասած Ալեքսանդր Գրիշչուկին և Ուեսլի Սոյին: Նրանցից յուրաքանչյուրը 45 հազար դոլար պարգևավճար ստացավ:
Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Շահրիյար Մամեդյարովը, որը ոչ-ոքի խաղալով Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, վաստակեց 6 միավոր: Նա ստացավ գլխավոր մրցանակը՝ 90 հազար դոլար պարգևավճարը:
Ավարտական տուրի մյուս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին նաև Անիշ Գիրին ու Ալեքսանդր Գրիշչուկը, Կոնստանտին Լուպուլեսկուն և Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Բոգդան-Դանիել Դյակը: