Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարում կայացան 5-րդ տուրի մրցախաղերը:
Լևոն Արոնյանը շարունակելով ոչ-ոքիների շարքը, սպիտակներով 46-րդ քայլին հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Տուրն առատ էր ոչ-ոքիներով: Միավորը բաժանեցին նաև Բոգդան-Դանիել Դյակն ու Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովն ու Ալեքսանդր Գրիշչուկը:
Միակ հաղթանակը տոնեց Շահրիյար Մամեդյարովը, որի մրցակիցը Կոնստանտին Լուպուլեսկուն էր: Այդ հաղթանակի շնորհիվ Մամեդյարովը 3 միավորով Ալեքսանդր Գրիշչուկի և Ուեսլի Սոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 4-7-րդ հորիզոնականները:
Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան: Իսկ հունիսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ: