sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ

Խորվաթիա 1 - 1 Հայաստան

  • 1-0՝ Իվան Պերիշիչ 24
  • 1-1՝ Վբեյմար Անգուլո 72

Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կայացած Խորվաթիա-Հայաստան խաղում գրանցվեց ոչ ոքի: Հայաստանի հավաքականը շարունակում է Կապառոսի գլխավորությամբ հաճելի անակնկալների շարքը:

Խաղի մեկնարկից երևում էր, որ մեր հավաքականը գործելու է երկրորդ համարով: Զիջելով գնդակը մրցակցին՝ մեր տղաները սպասում էին հակագրոհելու հարմար պահի, որը առաջին խաղակեսում այդպես էլ չտեսանք: Իսկ ահա աշխարհի փոխչեմպիոնները իրենց հերթական անկյունայինից հետո կարողացան բացել խաղի հաշիվը: Խաղի 24-րդ րոպեին Մոդրիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Պերիշիչը: 

Երկրորդ կեսում Կապառոսի կատարած փոփոխությունները թիմի առջևի գծում թարմություն բերեցին և երիտասարդ տաղանդավոր տղաների՝ Բիչախչյանի և Շաղոյանի կազմակերպած գրոհից հետո հեռահար գեղեցիկ հարվածով 72-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց նույնպես փոխարինման մտած Անգուլոն:

Չնայած խորվաթների ունեցած մի քանի իրական գոլային պահերի, որոնք չեզոքացվում էին կամ մեր պաշտպանների լավ խաղով, կամ դարպասապահ Յուրչենկոյի վստահ խաղով, եղան դեպքեր, երբ պարզապես մեր բախտը բերեց՝ խորվաթները շեղ էին հարվածում: Այնուամենայնիվ Հայաստանի հավաքականը վերջին րոպեին լավ հնարավորություն ունեցավ նույնիսկ հաղթանակով խաղն ավարտելու, սակայն Տիգրան Բարսեղյանը նպաստավոր դիրքում այդպես էլ չկողմնորոշվեց հարվածի, թե փոխանցում կատարի: Խաղն այդպես էլ ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականը շարունակում է իր անպարտելի խաղերի շարքը և Կապառոսի գլխավորությամբ ցուցադրում վստահ ֆուտբոլ:

Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ Շվեդիայի հետ:

 Խորվաթիա, Հայաստանի ազգային հավաքական