«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի տեղափոխությունը իտալական ակումբ:
«Ժիրուն պետք է վաղը գա։ Նա չեմպիոն է, որը մեծ հաջողությունների է հասել ոչ միայն հավաքականի, այլև «Չելսիի» հետ: Ժիրուն նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է: Նա շատ փորձառու ֆուտբոլիստ է, և դա այն է, ինչ այս պահին մեզ հարկավոր է: Մենք Ա Սերիայի ամենաերիտասարդ թիմն ենք: Մեզ անհրաժեշտ են մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստներ:
Կարող էինք «Միլան» հրավիրել ավելի երիտասարդ և հեռանկարային հարձակվողի, սակայն այս փուլում ցանկանում ենք թիմն ամբողջացնել և ուժեղացնել փորձառու ֆուտբոլիստներով, իսկ հետո նոր սպասենք տրանսֆերային շուկայի եզրափակիչ փուլին», - Մալդինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։