Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո-դելի-Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։ Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։