Հայկական ակումբները մասնակցեցին Չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլերին: Ամփոփում ենք «Ալաշկերտի» ելույթը:
Առաջինը պայքարի դուրս եկավ Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ալաշկերտը»: Մեր չեմպիոնի մրցակիցը Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսն» էր: Առաջին խաղը կայացավ Ուելսում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Առաջին հայացքից նորմալ հաշիվ է, հյուրընկալվելիս ոչ-ոքին վատ արդյունք չէ, բայց եթե հաշվի առնենք, որ մերոնց մրցակիցը կարելի է ասել կիսասիրողական մակարդակի թիմ է, ապա մտածելու տեղիք է տալիս 2 բաց թողած գնդակը: Ինչևէ: Առջևում երևանյան խաղն էր և սպասելիքները մեծ էին, որ «Ալաշկերտը» առանց խնդիրների կհաղթի և կանցնի հաջորդ փուլ: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր:
Պատասխան խաղի բացասական կողմն այն էր, որ այս մրցաշրջանից առաջ ՈւԵՖԱ-ն հանել էր մրցակցի դաշտում խփած գոլի առավելությունը և երևանյան խաղում պետք էր ամեն գնով հաղթել: Իսկ «Ալաշկերտի» համար դրական կողմերը շատ էին. սեփական հարկի տակ հանդիպում, մարզասերների աջակցություն (ուելսցիներից Երևանում ընդամենը 1 երկրպագու էր եկել աջակցելու), մարզադաշտի լավ որակ (մերոնք առաջին խաղից հետո 2:2 հաշիվը պարզաբանեցին վատ խոտածածկի պարագայով), ինչպես նաև մրցակիցն ուներ կազմի խնդիր (միայն 3 ֆուտբոլիստ էր պահեստայինների նստարանին, թիմի մի քանի խաղացող աշխատանքի պատճառով չէին կարողացել ժամանել Երևան: Պարզվում է նրանք այլ տեղ էլ են աշխատում): Խաղի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու էր Հանրային հեռուստաընկերությունը:
Մեկնարկային րոպեներից մեր թիմի խաղը հուսադրող չէր: Մի տեսակ իներտ էին գործում, մրցակիցն էլ հանգիստ պաշտպանվում էր: Շատ չմանրանանք և նշենք, որ մեր չեմպիոնն անակնկալ կերպով տանջվում էր դաշտում: Չկար հստակ խաղ, կարծես ֆուտբոլիստները չգիտեին ինչ էին անում: Ճիշտ է, մի քանի պահեր ունեցանք, բայց մրցակիցն էլ հակագրոհներով կարողանում էր սպառնալ մեր թիմի դարպասին: Մի խոսքով 90 րոպե թե իրենց, թե երկրպագուներին տանջելով խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ և միայն 112-րդ րոպեին փոխարինման մտած Բեզեկուրը գրավեց մրցակցի դարպասը և կարելի է ասել փրկեց «Ալաշկերտին» 11 մետրանոց վիճակախաղից և խայտառակությունից:
Եվ այս խաղի հետ կապված ամենա ուշագրավ և զավեշտալի դրվագը. խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխվելուց 1 րոպե առաջ Հանրայինի ուղիղ եթերում ցուցադրվող Չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս» խաղի մեկնաբանը հրաժեշտ տվեց հեռուստադիտողներիս, քանի որ 21:00-ին լուրերի ժամն է, և հորդորեց հետևենք լուրերին, որպեսզի տեղեկանանք, թե ինչպես է ավարտվելու խաղը: Հանրայինը ընդհատեց ֆուտբոլը, բայց խաղի ավարտին առնվազն 30 րոպե կար: Նշենք, որ վերջերս Հանրայինը նոր ալիք է գործարկել, որը 24 ժամյա ռեժիմով լուրեր է թողարկում:
Այսպիսի վերաբերմունքով ֆուտբոլի, հայկական թիմի և երկրպագուների նկատմամբ երկար ճանապարհ չենք անցնի: «Ալաշկերտն» էլ, եթե իր վերաբերմունքն ու ցուցադրած խաղը չվերանայի, նույնպես երկար ճանապարհ չի կարող անցնել: