sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայ երկու ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Բերատի Ինաջի հետ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7-1 հաշվով առավելության է հասել Լատվիայի ներկայացուցիչ Կոնստանտինս Գեյկինսի նկատմամբ, քառորդ եզրափակչում Սուքիասյանը վստահ՝ 8-0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Նոա Լյուբիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Երկու հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ 80 կգ քաշային Սևակ Բաղրամյանը: 1/8 եզրափակչում Բաղրամյանը 7-4 հաշվով պարտության է մատնել լատվիացի Անդրեյս Ուսակովսին, իսկ քառորդ եզրափակչում 8-0 հաշվով ջախջախել է գերմանացի Յան Շվաբին:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ:

Այսօր պայքարի դուրս եկած ևս երեք ըմբիշ տարբեր փուլերում պարտություն են կրել: 48 կգ քաշային Արմեն Գևորգյանը որակավորման փուլոջմ 9-2 հաշվով առավելության է հասել գերմանացի Լուկաս Բենզինգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4-4 հաշվով է ավարտել թուրք ըմբիշի հետ գոտեմարտն ու ճանապարհը զիջել վերջինիս:

65 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 10-2 հաշվով հաղթել է ռուս Դավիդ Տեբլոևին, սակայն 1/8 եզրափակչում 7-3 հաշվով զիջել է Ադրբեջանը ներկայացնող Կանան Աբդուլաձեին: 102 կգ քաշային Լյովա Սարգսյանն էլ մեկնարկում 5-0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Մաքսիմ Պետրովին, իսկ քառորդ եզրափակչում 0-11 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Չասովնիկովին:

Այսօրվա իրենց մեկնարկային գոտեմարտերը դեռ չեն անցկացրել 45 կգ քաշային Վլադիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Գասպար Տերտերյանը, 60 կգ քաշային Ռոստոմ Մակիչյանը, 71 կգ քաշային Արման Մելքոնյանը և 92 կգ քաշային Արշակ Գեղամյանը: