sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա այս կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․

«Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:

23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել հայոց հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ:

Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:

Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:
Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի առաջնություններում նվաճել է 4 մեդալ, որոնցից մեկը ոսկի, մեկը արծաթ, երկուսը՝ բրոնզ։ Եվրոպայի առաջնություններում ևս Արսենն ունի 4 մեդալ՝ մեկական ոսկի ու արծաթ ևս երկու բորնզ։ Արսեն Ջուլֆալակյանը աշխարհի երիտասարդական չեմպիոն է։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ Պատանիների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է։

 Արսեն Ջուլֆալակյան