Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները՝ նվաճելով 8 մեդալ:
96 կգ քաշային կարգում երկամարտի 355 կգ(162+193) ցուցանիշով աշխարհի երիտասարդական չեմպիոն է հռչակվել Գարիկ Կարապետյանը՝ վարժություններից յուրաքանչյուրում դառնալով արծաթե մեդալակիր:
Կանանց 81 կգ քաշային կարգում աշխարհի երիտասարդական չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի 223 կգ(98+125) ցուցանիշով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Պոկում վարժությունում Գյուրջյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ ոսկե:
81 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկամարտի 327 կգ (152+175) ցուցանիշով դարձել է փոխչեմպիոն: Մարգարյանն արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում երկամարտի 323 կգ(148+175) ցուցանիշով 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել Սուրեն Գրիգորյանը:
67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 294 կգ(132+162) ցուցանիշով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: