Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան շարունակելու է «Բոկա Խունիորսում»:
Ole պարբերականը տեղեկացնում է, որ «Բոկա Խունիորսի» տրանսֆերային երրորդ առաջարկն «Ատլետիկո Ուրականն» ընդունել է: 25-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է ստորագրելու մայրաքաղաքային ակումբի հետ:
Աղբյուրը հայտնում է, որ հարձակվողի տրանսֆերի 80 տոկոս իրավունքների համար արգենտինական գրանդը վճարելու է 3,5 մլն դոլար: Միաժամանակ Transfermarkt-ը գրում է, որ գործարքը կազմելու է 2,9 մլն դոլար:
Բալեկյանի տրանսֆերի վերաբերյալ առաջին առաջարկն «Ուրականն» անմիջապես մերժել էր: Երկրորդ առաջարկը տրանսֆերի 50 տոկոսի համար էր, որը նույնպես չի ընդունվել, ինչի մասին առաջինը հայտնել էր VNews.am-ը:
Պայմանագիր կնքելու համար Բալեկյանին մնում է միայն հաջող բուժզննում անցնել: