sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայաստանի հավաքականը մեկնեց Շվեյցարիա. թիմի վերջնական հայտացուցակը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը մեկնեց Շվեյցարիա. թիմի վերջնական հայտացուցակը (լուսանկարներ)

Մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո:

Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո:

ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:

Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ», Անատոլի Այվազով – «Ուրարտու», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան), Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան), Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ», Հայկ Իշխանյան – «Շիրակ», Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա», Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ. Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա), Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա», Կարեն Մուրադյան – «Արարատ», Արամ Քոչարյան – «Լոռի ՖԱ», Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ուրական» (Արգենտինա), Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա», Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: