Հուլիսի 11-ին Իտալիան դարձավ Եվրո-2020-ի հաղթող՝ եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթելով Անգլիային (11 մետրանոցներով` 3:2):
Ոչ միայն եզրափակիչ խաղում, այլ ամբողջ մրցաշարի գլխավոր հերոսներից մեկը Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման էր: Ի վերջո նա ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն խաղացող:
Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականը
WhoScored հեղինակավոր վիճակագրական պորտալը հրապարակել է լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Եվրոպայի վերջին առաջնության արդյունքներից հետո:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7.9:
Լեոնարդոն Բոնուչին Եվրոպայի առաջնությունների եզրափակչում գոլի հեղինակ դարձած ամենատարեց խաղացնողն է: Լեոնարդոն գոլի հեղինակ է դարձել 34 տարեկան 71 օրական: Իտալիայի հավաքականի պաշտպանը հավասարեցրել է Եվրո-2020-ի եզրափակչի՝ Անգլիայի հետ խաղի հաշիվը:
Լեոնարդոն ճանաչվել է եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Բոնուչին իր թիմի կազմում մասնակցել է Եվրո-2020-ի բոլոր 7 հանդիպումներին, որոնցից 3-ում իտալացիները գոլ բաց չեն թողել։
Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփած 5 գոլով դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության լավագույն ռմբարկու։
Հարկ է նշել, որ չեխ հարձակվող Պատրիկ Շիկի ակտիվում ևս 5 գոլ կա, սակայն Ռոնալդուն նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով։ Ռոնալդուի ակտիվում մեկ գոլային փոխանցում կա, մինչդեռ Շիկը գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Բացի դա, Ռոնալդուն խաղադաշտում ավելի քիչ ժամանակ է անցկացրել (360 րոպե), քան Շիկը (404)։
Ժորժինյոն Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է սահմանել
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն նոր ռեկորդ է սահմանել Եվրո-2020-ում։ Ըստ Squawka-ի, Ժորժինյոն 25 անգամ խլել է գնդակը մրցակիցներից այս Եվրոյի ընթացքում: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր, երբ սկսվել է ֆիքսվել ֆուտբոլիստների անհատական վիճակագրությունը:
Նախորդ ռեկորդը (24 գնդակի խլում) ֆրանսիացի Մարսել Դեսալիի կողմից սահմանվել էր 1996 թվականին:
WhoScored պորտալը հրապարակել է խորհրդանշական թիմ, որը բաղկացած է Եվրո -2020-ի ամենացածր միջին վարկանիշ ունեցող խաղացողներից:
Վատագույն ֆուտբոլիստների թիմում ընդգրկված են Ուկրաինայի ազգային հավաքականի 3 խաղացողներ, 2 գերմանացի, 2 ուելսցի, 2 պորտուգալացի և 2 խորվաթ: Մրցաշարի բոլոր խաղացողներից ամենացածր վարկանիշն ունի Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
Դարպասապահ - Մանուել Նոյեր (Գերմանիա):
Պաշտպաններ Ալեքսանդր Կարավաև (Ուկրաինա), Դոմագոյ Վիդա (Խորվաթիա), Անտոնիո Ռուդիգեր (Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա):
Կիսապաշտպաններ - Բերնարդո Սիլվա (Պորտուգալիա), Սերգեյ Սիդորչուկ (Ուկրաինա), Ջո Ալլեն (Ուելս), Աարոն Ռեմզի (Ուելս):
Հարձակվողներ - Դիոգո Ժոտա (Պորտուգալիա), Ռոման Յարեմչուկ (Ուկրաինա):
Եվրո-ների եզրափակիչների ամենաարագ գոլը
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն դարձավ Եվրո-ների պատմության մեջ եզրափակիչ խաղերում ամենաարագ գոլի հեղինակը։ Գնդակը ցանցում հայտնվեց 1։57 րոպեին։ Սա Լյուկ Շոուի առաջին գոլն էր Անգլիայի ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում։
Եզրափակիչում ամենատարեց ավագը
Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին դարձավ Եվրո-ների պատմության մեջ ամենատարեց ավագը մրցաշարի գլխավոր խաղում։ Կիելինին եզրափակիչ խաղի օրը իր թիմին առաջնորդեց 36 տարեկան 331 օրական հասակում։ Այս ցուցանիշով նա գերազանցեց իր հայրենակից Ջանլուիջի Բուֆոնին, որը 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայի դեմ հանդիպման ժամանակ կատարում էր ավագի պարտականությունները 34 տարեկան 154 օրական հասակում։
Ամենաերիտասարդ խաղացողները
Եվրո-2020-ում երկու անգամ գերազանցվեց ամենաերիտասարդ խաղացողի ռեկորդը։ Մեկնարկային տուրում Անգլիա - Խորվաթիա խաղում Ջուդ Բելինգեմը դուրս եկավ փոխարինման՝ դառնալով Եվրո-ների պատմության մեջ խաղացած ամենաերիտասարդ խաղացողը։ Դաշտ դուրս գալու պահին նա 17 տարեկան 281 օրական էր։
Սակայն արդեն երկրորդ տուրում գերազանցվեց նաև Բելինգեմի ցուցանիշը։ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Սոուսան երկրորդ կեսի սկզբում դաշտ դուրս բերեց Կասպեր Կազլովսկիին։ Նա դաշտ դուրս գալու պահին 17 տարեկան 246 օրական էր։ Կազլովսկին Եվրո-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։
Չիրացված 11-մետրանոցները
Եվրո-ի ընթացքում նշանակվել է 17 11-մետրանոց հարված, որոնցից 8-ը չեն իրացվել։ Սա ևս ռեկորդային, կամ գուցե այս պարագայում կարելի է ասել, հակառեկորդային ցուցանիշ է։ Նշակետից վրիպել են Պիեր-Էմիլ Հոյբերգը, Գարեթ Բեյլը, Էժգան Ալիոնսկին, Ռուսլան Մալինովկսին, Ժերար Մորենոն, Ալվարո Մորատան, Ռիկարդո Ռոդրիգեսն ու Հարի Քեյնը։ Անգլիացու պարագայում Կասպեր Շմեյխելի հետ մղած հարվածից հետո Քեյնն ավելացրեց ու գրավեց մրցակցի դարպասը՝ Անգլիայի հավաքականին դուրս բերելով Եվրո-2020-ի եզրափակիչ։ Սա միակ հարվածն է եղել, որի վրիպումից հետո գնդակն այնուամենայնիվ հայտնվեց դարպասում։
Ինքնագոլեր
Եվրո-2020-ի առաջին ու ամենատարօրինակ ռեկորդը ինքնագոլերին է վերաբերում։ Մրցաշարը սկսվեց ինքնագոլով։ Մերիհ Դեմիրալը բացման խաղում գրավեց սեփական դարպասը՝ սկիզբ դնելով Իտալիայի չեմպիոնական ուղուն ու մրցաշարի ամենազարմանալի ռեկորդին։ Վոյցեխ Շեսնի, Մատս Հյումելս, Ռուբեն Դիաշ, Ռաֆայել Գերեյրու, Լուկաշ Հրադեցկի, Մարտին Դուբրավկա, Յուրայ Կուցկա, Պեդրի, Դենիս Զակարիա և Սիմոն Կյեր։ Այս բոլոր խաղացողները գրավեցին սեփական դարպասը։ 11 ինքնագոլ․ փաստենք, որ նախորդ բոլոր 15 Եվրո-ներում միասին 9 ինքնագոլ էր եղել։
Իտալիան հաղթեց պատմության մեջ իր վեցերորդ խոշոր միջազգային մրցաշարը: Եվրոպական թիմերի շրջանում միայն Գերմանիան է ավելի շատ տիտղոսներ նվաճել: