sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020. Գերմանիան 4։2 հաշվով հաղթեց Պորտուգալիային

Պորտուգալիա  2 - 4  Գերմանիա

  • 1-0 Ռոնալդու 35
  • 1-1 Դիաշ 35 ինքնագոլ
  • 1-2 Գերեյրու 39 ինքնագոլ
  • 1-3 Հավերց 51
  • 1-4 Գոսենս 60
  • 2-4 Ժոտա 67

Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում մրցեց գերմանացիների հետ և պարտություն կրեց 2։4 հաշվով։

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ 36-ամյա հարձակվողը երրորդ գոլը խփեց այս մրցաշարում և չեխ հարձակվող Պատրիկ Շիկի հետ լավագույն ռմբարկուն է։ Ռոնալդուն 12 գոլով նաև Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն է։

Հաշվի հավասարությունը վերականգնվեց 35-րդ րոպեին։ Սեփական դարպասը գրավեց պորտուգալացիների պաշտպան Ռուբեն Դիաշը։ 4 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։ Երկրորդ խաղակեսում Գերմանիայի հավաքականի առավելությունը մեծացրին կիսապաշտպան Կայ Հավերցի և պաշտպան Ռոբին Գոսենսի գոլերը։

Պորտուգալիան հարձակվող Դիոգու Ժոտայի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ։

Գերմանիայի հավաքականը 3 միավորով երկրորդն է և 1 միավոր է հետ F խմբի առաջատար, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից, որը երկրորդ տուրում 1։1 հաշվով խաղաց հունգարացիների հետ։ Պորտուգալիան 3 միավորով երրորդն է, Հունգարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Հունիսի 23-ին անցկացվելիք F խմբի երրորդ տուրում Հունգարիան կմրցի Գերմանիայի, Ֆրանսիան՝ Պորտուգալիայի հետ։

 Եվրո-2020, Գերմանիա, Պորտուգալիա