sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՈւԵՖԱ-ն չեղարկեց արտագնա խաղում խփած գոլի առավելությունը

ՈւԵՖԱ-ի կազմկոմիտեն որոշել է հանել կազմակերպության հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը։

Նոր կանոնը գործելու է գալիք մրցաշրջանից։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի խաղարկություններում այլևս չի գործի փլեյ-օֆֆ փուլերում արտագնա գոլի առավելության կանոնը։ Կանոնը կգործի նաև Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, որն առաջին անգամ անցկացվելու է գալիք մրցաշրջանում։

Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է կայացված որոշումը:

«1965 թվականից ի վեր՝ արտագնա գոլի կանոնը եղել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին շատ են եղել քննարկումները դրա արդարացիության վերաբերյալ: Չնայած հարցի շուրջ կոնսենսուս չկար, մեծ թվով մարզիչներ, երկրպագուներ ու ներգրավված այլ անձինք կասկածի տակ դրեցին կանոնի արդարացիությունն ու հանդես եկան այն չեղարկելու նախաձեռնություններով:

Այս կանոնն այսօր այլևս չունի այն ազդեցությունը, որի համար ստեղծված էր: Ըստ էության՝ այժմ այս կանոնը տանտերերին ստիպում է ավելի պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել՝ ամեն գնով խուսափելու համար մրցակցի գոլից, որը մեծ առավելություն կտա նրան պատասխան խաղից առաջ: Քննադատության է ենթարկվել հիմնականում այն, որ տանտերերն ստիպված են մրցակցի մեկ գոլին երկուսով պատասխանել, հատկապես լրացուցիչ ժամանակում:

Արդարացի է նշել նաև, որ տնային խաղի առավելությունն այսօր այնքան նշանակալի չէ, որքան նախկինում: Հաշվի առնելով եվրոպական ֆուտբոլում խաղաոճերի միատեսակությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք հանգեցրել են տանտիրոջ առավելության նվազեցմանը՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմը ճիշտ է համարել ընդունել այն տեսակետը, որ արտագնա գոլը չպիտի նշանակություն ունենա»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Չեֆերինի խոսքը:

 ՈւԵՖԱ, Ալեքսանդր Չեֆերին