ՈւԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2020-ի եզրափակիչում Իտալիայի ու Անգլիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը:
Խաղը կսպասարկի Նիդերլանդների մրցավարական անձնակազմը՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Սանդեր վան Ռոկելն ու Էրվին Զեյնստրան:
Բաստիան Դանկերտը Գերմանիայից նշանակվել է գլխավոր մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնական: Նրան կօգնեն Պոլ վան Բոկելը (Նիդերլանդներ), Քրիստիան Գիտելմանը (Գերմանիա), Մարկո Ֆրիցը (Գերմանիա):
Չորրորդ պաշտոնյան Իսպանիայից է՝ Կառլոս դել Սերո Գրանդեն:
Եվրո-2020-ի եզրափակիչ խաղի գլխավոր մրցավար Բյորն Կույպերսը մեկնաբանել է իր նշանակումը:
«ԵՎրո-2020-ի եզրափակիչն ինձ վստահելը ոգևորիչ է, բայց նաև մեծ պատասխանտվություն է: Հույս ունեի, որ հնարավորություն կունենամ աշխատելու Եվրո-2020-ի եզրափակիչում և համառորեն աշխատել եմ իմ թիմի հետ։ Դա իսկական ուղենիշ է, դա երազանք է, անհավանական պահ և մեծ պատիվ։
Երկու կիսաեզրափակիչների ժամանակ «Ուեմբլիում» մթնոլորտն անհավանական էր։ Այնպես որ, հիմա մենք անհամբեր սպասում ենք եզրափակչին:
Խաղի ընթացքում առաջինից մինչև վերջին սուլիչը անհրաժեշտ է ամբողջական կենտրոնացվածություն: Այն ունի հսկայական նշանակություն:
Կարող ես լավ աշխատել 90 րոպե, ճիշտ որոշումներ կայացնես, բայց ամենավերջում մի փոքր թերացումը կամ սխալը կարող է փչացնել ամբողջ կատարածդ լավ աշխատանքը։
Շատ կարևոր է մեր թիմային աշխատանքը։ Այն, որ ես կարող եմ վստահել իմ ընկերներին, ինձ վստահություն է ներշնչում», - ասել է Կույպերսը։
Եվրո-2020-ի եզրափակիչում հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կխաղան Իտալիայի և Անգլիայի հավաքականները: