sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՖԻՖԱ-ն երիտասարդական մրցաշարում կփորձարկի ֆուտբոլի նոր կանոնները

ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է տարբեր միջոցառումների կազմակերպումը, որոնք հեռավոր ապագայում կարող են հեղափոխել ֆուտբոլային աշխարհը՝ գրում է Mundo Deportivo-ն:

Փոփոխությունների առաջին փորձը տեղի կունենա Future of Football Cup մրցաշարում, որին կմասնակցեն ՊՍՎ-ի, «ԱԶ Ալկմարի», «Լայպցիգի» ու «Բրյուգեի» Մ19 թիմերը:

4 առանցքային կանոն, որոնք կարող են փոփոխության ենթարկվել.

1. Խաղաժամանակը կարող է 90 րոպեի փոխարեն լինել 60 րոպե (յուրաքանչյուր խաղակեսը՝ 30 րոպե): Դադարների ժամանակ ժամանակացույցը կկանգնեցվի, ինչպես բասկետբոլում ու ֆուտզալում, ինչը երաշխավորում է զուտ 60 րոպե խաղաժամանակ:

2. Անսահմանափակ փոխարինումներ կատարելու հնարավորություն: Հիշեցնենք, որ այժմ թիմերից յուրաքանչյուրին խաղում թույլատրված է կատարել 5 փոփոխություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: «Նորմալ» պայմաններում թույլատրվում է 3 փոխարինում:

3. Եզրային նետումի փոխարեն՝ եզրային հարված: Եզրից գնդակը խաղի մեջ կարող է մտցվել ոտքով: Սա թույլ կտա գնդակը խաղի մեջ մտցնել շատ ավելի արագ, ինչի արդյունքում խաղն ավելի հետաքրքիր կլինի, իսկ վտանգավոր պահերը՝ ավելի շատ:

4. Դեղին քարտը՝ ոչ թե զգուշացում, այլ պատիժ: Խաղին մասնակցող ֆուտբոլիստը դեղին քարտ ստանալու դեպքում խաղադաշտից կհեռացվի 5 րոպեով: Նա խաղին կհետևի եզրային գծի մերձակայքում, իսկ 5 րոպեն լրանալուց հետո կվերադառնա խաղադաշտ (երկրորդ դեղին քարտին, ուղիղ կարմիր քարտին հոդվածում անդրադարձ չկա-խմբ.):

Այս բոլոր փոփոխությունները գործնականում կիրառվելու են վերոնշյալ մրցաշարում: Մրցաշարից հետո ՖԻՖԱ-ն կգնահատի, թե ինչ ազդեցություն են ունեցել փոփոխությունները մրցաշարի որակի վրա, ինչից հետո որոշում կկայացնի՝ արժե՞ հարցը բարձրացնել միջազգային խորհրդի մոտ, որն աշխարհում ֆուտբոլ խաղի կանոնները սահմանող մարմինն է:

 ՖԻՖԱ