Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ Իտալիա - Իսպանիա խաղի 11-մետրանոց հարվածաշարից առաջ հետաքրիքր դրվագ տեղի ունեցավ երկու թիմերի ավագներ Ջորջո Կիելինիի և Ժորդի Ալբայի մասնակցությամբ։ Մրցավար Ֆելիքս Բրիխի հետ խաղացողները որոշում էին, թե որ դարպասին ու ինչ հերթականությամբ են հարվածելու։
Մետաղադրամի նետելուց հետո Կիելինին սկսեց ժպիտով ինչ-որ բաներ ասել, հետո նույնիսկ քաշքշեց Ալբային, իսկ վերջում ամուր գրկել էր իսպանացուն ու ծիծաղում էր։ Մրցավարները ևս ծիծաղում էին, միակ լուրջ տղան այս պատմության մեջ Ալբան էր։ Corriere TV-ն բացահայտել է, թե ինչ է տեղի ունեցել այդ դրվագում։
Վիճակախաղը հաղթել է Կիելինին, սակայն մետաղադրամի՝ խոտածածկին ընկնելուն պես Ալբան ասել է, որ ինքն է հաղթել։ Այդ ժամանակ Կիելինին ասել է․ «Խաբեբա՛, խաբեբա՛»,- այս ամենը «սկուադրա աձուրայի» ավագն ասել է ժպիտով։
Ֆելիքս Բրիխը Կիելինիի հետ համաձայն է եղել, սակայն որոշել է անճշտության պատճառով նորից վիճակ նետել։