sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը

Barcelona  1:1 Real

Մեսի՝ 15 - Բենզեմա՝ 35

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավին այսօր կատարական «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է: Նա որպես ֆուտբոլիստ նվաճել է հնարավոր ու անհնարին բոլոր տիտղոսները, երկրպագուների հիշողության մեջ մնացել որպես կիսապաշտպան, որի խաղին հետևելն իսկական հաճույք էր:

41-ամյա մասնագետը մեծ քայլերով սկսել է նաև մարզչական հաջողությունների սկիզբ դնել: «Ալ Սադի» ղեկին արդեն մի քանի տիտղոս է նվաճել, որոնց շարքում առանձնանում են երկրի չեմպիոնի ու սուպերգավաթակրի կոչումները, ինչպես նաև կրկնակի գավաթակիր դառնալը:

Ներկայացնում ենք Չավիի կողմից հնչեցված ամենաուշագրավ մտքերը, որոնք բավականին հետաքրքրական են։

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել Լա Մասիայում 11 տարեկանում: Չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ երբևիցե կխաղամ «Բարսելոնայից» բացի որևէ այլ ակումբում»:

«Կցանկանայի ավելի արագավազ լինել: Ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններ ունեմ, ուստի ֆուտբոլում գոյությունս ստիպված եմ եղել պահել միայն ուղեղս գործի դնելու շնորհիվ»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Անգլիան ֆուտբոլի բնօրրանն է, նրա սիրտն ու հոգին: Եթե մենք ունենայինք «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» կամ «Լիվերպուլի» նման երկրպագուներ, Չեմպիոնների լիգայի 20 գավաթ կնվաճեինք (ժպտում է-խմբ․)»:

«Սիրում եմ թերթեր կարդալ: Ես ապրում եմ ֆուտբոլով, ուստի պետք է տեղյակ լինեմ՝ ինչ է կատարվում շուրջբոլորը»:

«Մի օր, երբ վերադառնում էինք «Սանտիագո Բեռնաբեուում» խաղ անցկացնելուց հետո, հաղորդագրություն ստացա Իկեր Կասիլյասից․ «Այդ գոլը քեզ երբեք չեմ ների, տխմար»:

«Նախքան գնդակը կասեցնելը դու արդեն պետք է որոշած լինես, թե քիչ անց ինչպես ես վարվելու նրա հետ»:

«Երկրպագուները ցանկանում են գեղեցիկ ֆուտբոլ դիտել, ներկայացում, և «Բարսելոնան» հենց դա է ցուցադրում նրանց»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Իբիցան հանգստի սիրելի վայր է շատ ֆուտբոլիստների համար: Եթե ամռանը հայտնվես այնտեղ, կհանդիպես երաժշտական և կինոաշխարհի ամենահայտնի կատարողներին, ուստի որևէ մեկն ուշադրություն չի դարձնի ինչ-որ ֆուտբոլիստների»:

«Իմ սիրելի ստադիոնն «Օլդ Թրաֆորդն» է, որտեղ նորամուտս եմ նշել Չեմպիոնների լիգայում: Պատահական չէ, որ այն «Երազանքների թատրոն» են անվանում»:

«Փողերն ամենակարևորը չեն ինձ համար, քանի որ մանուկ հասակից «Բարսելոնայի» երկրպագու եմ»:

«Խաղը կառավարում է նա, ով տիրում է գնդակին»:

«Վերջին 15-20 տարիներին տեսածս ամենակատարյալ կիսապաշտպանը Փոլ Սքոուլզն է»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Ամենից կարևորը ոչ թե արդյունքն է, այլ սովորելու ցանկությունը: Միշտ կարելի է ինչ-որ բան բարելավել, քանի որ ունեցածով բավարարվելը հետընթացի առաջին քայլն է»:

«Լեո Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ավելի լավը, քան Պելեն, Մարադոնան կամ Կրույֆը: Մի քանի հիանալի թիմեր են եղել պատմության մեջ՝ Պելեի Բրազիլիայի հավաքականը, Կրույֆի «Այաքսը», Սակիի «Միլանը», բայց այս «Բարսելոնան» լավագույնն է վերջին 20 տարում»:

«Հնարավոր է՝ փոքր-ինչ ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա Փոլ Սքոուլզի թիմակիցը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի ցանկացել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ ես՝ «Բարսայից»: Սքոուլզը ֆուտբոլ է խաղում անհրաժեշտ ձևով ու իր մարզավիճակի գագաթնակետին աշխարհի լավագույն կիսապաշտպանն էր»:

«Սելթիկը», ինչպես և «Բարսելոնան», ավելին է, քան պարզապես ֆուտբոլային ակումբ: Դրանք մշակույթի և հասարակության խորհրդանիշներ են, որոնց գոյությունը ոչ միշտ է գոհունակությամբ ընդունվել իրենց երկրներում»:

«Սելթիկի» տնային ստադիոնի մթնոլորտը լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ: Այո, «Էնֆիլդում», «Օլդ Թրաֆորդում» կամ «Սանտիագո Բեռնաբեուում» աջակցությունը նույնպես լավն է, սակայն հենց Շոտլանդիայում է տիրում լավագույն մթնոլորտը»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Կա ֆուտբոլի 2 տեսակ՝ «ֆիզիկական» ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ»:

«Անդրես Ինիեստան խաղադաշտում իմ լավագույն «զուգընկերն» է»:

«Եթե մի օր հեռանայի «Բարսայից», ապա կտեղափոխվեի Անգլիա: Այնտեղ հիանալի մշակույթ է: Մարդիկ քեզ ավելի շատ են հարգում: Իսպանիայում ավելի դժվար է հարգանք ձեռք բերելը: Այստեղ ամեն ինչ ավելի քննադատողական է: Անգլիայում հանդես եկած իսպանացիները սիրահարվում են տեղի ֆուտբոլին ու Իսպանիա վերադառնում ավելի լավ խաղացողներ դարձած»:

«Ֆուտզալում միանգամից երևում է՝ արդյոք տվյալ ֆուտբոլիստը տաղանդավոր է: Դուք հենց այնտեղ եք նկատում նրա խաղաոճի առանձնահատկությունները և տակտիկական ընկալման մանրուքները»:

«Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրույֆը: Մենք սիրում ենք հարձակողական ֆուտբոլը, որը մարդկանց հաճույք է պարգևում: Երբ դու հաղթում ես՝ խաղալով նմանատիպ ոճով, հաճույքը կրկնապատկվում է»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Ֆուտբոլում արդյունքն իսկական խաբեբա է: Դու կարող ես շատ, շատ լավ խաղալ, գոլային պահեր ստեղծել, բայց չհաղթել: Կա ավելի մեծ, ավելի հարատև բան, քան արդյունքն է՝ ժառանգությունը»:

«Այդքան էլ հաճախ չեմ դիտում հեռուստատեսային շոուներ: Նախընտրում եմ հանգստանալ ֆուտբոլի կամ լավ ֆիլմի հետևելով»:

«Ասում են, որ մարդկանց հատուկ է սխալվելը, աստվածներին՝ սխալների վրա սովորելը»:

«Ինձ դուր է գալիս «Ուեմբլիում» խաղալը: Դա յուրահատուկ վայր է ոչ միայն «Բարսելոնայի», այլև ամբողջ ֆուտբոլի համար»:

«Ինիեստան Իսպանիայի ամենակատարյալ ֆուտբոլիստն է, նա ունի անհրաժեշտ բոլոր հատկանիշները»:

«Ափսոսում եմ, որ այդպես էլ չդարձա նրա թիմակիցը»․ Չավիի ամենաուշագրավ մտքերը
«Ես երբեք չեմ հոգնում հաղթելուց: Միշտ ավելին ես ցանկանում: Արդեն երկար տարիներ եմ անցկացրել «Բարսելոնայում», բայց մինչ այժմ կարծում եմ, որ կարող եմ բարելավել խաղս»:

«Հաղթանակները թմրանյութի պես են: Երբ մի տիտղոս ես նվաճում, դրանից հետո միայն ավելանում է կրկին հաղթանակ տոնելու ցանկությունը: Հաղթանակները չեն հոգնեցնում, նրանք միայն նոր ուժեր են հաղորդում»:

«Առջևում դեռ շատ հորիզոններ կան, որոնք ես ցանկանում եմ գրավել: Դրանք ակումբային տարբեր տարիների ռեկորդները գերազանցելն է, այդ թվում՝ «Բարսելոնայում» անցկացրած խաղերի քանակի ցուցանիշը: Պատկերացրեք՝ ինչ է դա՝ «Բարսայում» մասնակցել ավելի շատ հանդիպումների, քան ցանկացած այլ մեկը: Դա կլիներ իմ ամենամեծ նվաճումը» (Չավին հասավ այդ նվաճմանը՝ անցկացնելով 767 խաղ, բայց Լիոնել Մեսին վերջերս գերազանցեց այդ ռեկորդը):

«Շատ եմ սիրում «Բարսելոնան»: Ես այստեղ երջանիկ եմ, ու որևէ այլ բան չեմ փնտրում»:

«Հարգում եմ Մադրիդի «Ռեալը», բայց երբեք պայմանագիր չեմ ստորագրի «Բարսելոնայի» գլխավոր մրցակցի հետ»:

Չավի