sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Նոր մարտահրավերների հետևի՞ց․ 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո։ Հռոմի թիմ է գալիս Ժոզե Մոուրինյոն, ում հետ հայ կիսապաշտպանն ունեցել է բազում խնդիրներ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Իրարից «բաժանվելուց» հետո Մխիթարյանն ու Մոուրինյոն բացահայտ կերպով էին պատմում առկա տարաձայնությունների մասին։ Այս գործում Մխիթարյանը ավելի ակտիվ էր, քան Մոուրինյոն։ Ֆուտբոլային աշխարհում այս երկու դեմքերի ճանապարհները նորից խաչվել են։ Բարդ է հասկանալ՝ սառույցը կոտրվե՞լ է, թե՞ ոչ։ Հնարավոր է՞ Հենոյի ու Մոուրինյոյի վերամիավորումն, թե՞ ոչ։

Տրանսֆերային առումով ամեն ինչ շատ պարզ է։ Եթե Մխիթարյանը չերկարաձգեց պայմանագիրը, մրցաշրջանից հետո նա հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով։ Հայ կիսապաշտպանի պես խաղացողին իր կազմում շատ մարզիչներ կուզեն տեսնել։ VNews-ը ներկայացնում է 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը հնարավոր է նորից փայլատակի։

«Յուվենտուս»

Թուրինյան գրանդը միակն է այս շարքում, որտեղ Մխիթարյանի՝ կարիերան շարունակելու վերաբերյալ կան շշուկներ։ Դեռևս ամիսներ առաջ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին գրեց Calciomercato-ն։ Հաղորդվում էր, որ նրանք ուզում են ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Հենոյին ու ուժեղացնել դաշտի միջին գիծն ու հավելյալ ստեղծարարություն փոխանցել հարձակվողական գործողություններին։ Առաջին հայացքից լուրն անիրատեսական թվաց։ Սակայն հաջորդող իրադարձությունները եկան ապացուցելու, որ Թուրինից Մխիթարյանի նկատմամբ առկա հետաքրքրությունը գուցե իսկապես շատ լուրջ է։ Ամիսներ առաջ հրապարակված տեղեկության մեջ ասվում էր, որ Մխիթարյանը դեռևս չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Նրա որոշում կայացնելու գործում մեծ ազդեցություն ու դեր կարող է ունենալ Մինո Ռայոլան։ Նա այս շրջանում, ըստ տրամաբանության, պետք է արդեն բանակցած լիներ «Ռոմայի» ղեկավարության հետ։ Թե ինչ եզրահանգման են եկել կողմերը, բարդ է ասել։

Մոուրինյոյի՝ «Ռոման» գլխավորելու լուրից հետո երկրպագուների մի ամբողջ բանակ Մխիթարյանին արդեն ուղարկում է Թուրին ու վստահ է, որ հենց այնտեղ է շարունակելու կարիերան հայ խաղացողը։ Ռայոլան այս գործարքում կարող է մեծ դեր ունենալ, քանի որ գերազանց հարաբերություններ ունի «բիանկոներիների» ղեկավարության հետ։ Սակայն եկեք անկեղծ լինենք․ այս պահին «Յուվենտուսում» ավելի մեծ ու լուրջ խնդիրներ կան․ գլխավոր մարզչի փոփոխություն, ձախողված մրցաշրջան։ Այս ամենում դժվար թե նրանք մտածեն Մխիթարյանի մասին, բայց անվճար հիմունքներով այսպիսի խաղացողի կազմում ունենալուց հրաժարվելն էլ ճիշտ չէ։

«Միլան»

Նախորդ երկու մրցաշրջաններում Մխիթարյանն ապացուցեց, որ կարիերայի այս փուլում Ա սերիան ամբողջությամբ համապատասխանում է իրեն։ Այնպես որ Իտալիայից հեռու գնալ պետք չէ։ Նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ լինելով Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր աստղերից մեկը, բայց Անգլիայում «թափառելուց» հետո եկավ Իտալիա՝ չլինելով այդ նույն աստղային խաղացողը։ Իսկ Ա սերիայում Հենոն վերգտավ իրեն։ Եթե չլինեին ցավալի վնասվածքները, այս մրցաշրջանը կարող էր հիշարժաններից մեկը դառնալ մեր հավաքականի ավագի կարիերայում։

Մինչև «Ռոմա» տեղափոխվելը Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Միլանը»։ «Ռոսոներիները» Դենիս Սուարեսի՝ «Արսենալ» հավանական տրանսֆերի պարագայում ցանկանում էին փախցնել հայ կիսապաշտպանին։ Սակայն տրանսֆերային այդ պատուհանի ընթացքում Հենոն մնաց Լոնդոնում, իսկ ամռանը եկավ «Ռոմա»։ «Միլանը» հավանական տարբերակներից մեկն է, ու այստեղ նորից կա Մինո Ռայոլայի դերը։ Նա լավ կապեր ունի «ռոսոներիների» ղեկավարության հետ։ Եթե իր հաճախորդը մնա առանց ակումբ ու ցանկանա մնալ Իտալիայում, Ռայոլան հաստատ կդիմի «Միլանին»։

«Նապոլի»

«Նապոլին» ավելի քիչ հավանական տարբերակներից է Մխիթարյանին ձեռք բերելու հարցում։ Սակայն եթե չստացվի «Միլանի» ու «Յուվենտուսի» տարբերակը, ինչու՞ չփորձել ուժերը նեապոլիտանական ամբիցիոզ ակումբում։ Այս ամառ «Նապոլիից» կարող է հեռանալ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Նա ավելի խորքից է խաղում, քան Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանի ունիվերսալությունը, սակայն, կարող է օգնության գալ այս հարցում։ Մխիթարյանը կարող է մի քանի դիրք փակել «Նապոլիում»։

Այստեղ ևս սպասվում են որոշակի փոփոխություններ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի գլխավոր մարզիչը կարող է փոխվել, խոսակցություններ կան Մաուրիցիո Սարիի վերադարձի մասին։ Իտալացի մասնագետը հավանում է Մխիթարյանին ու պատրաստ էր նրան խաղային ազատություններ տալ «Ռոման» գլխավորելու դեպքում։ Հանուն արդարության պետք է փաստել, որ սա այն տարբերակն է, որը հայ կիսապաշտպանն ամենաքիչն է ուզում։

«Բորուսիա Դորտմունդ»

Իտալիայում լավ է, բայց եթե տարբերակներ չլինեն, Մխիթարյանը կհավաքի ճամպրուկներն ու կարիերան կշարունակի այլ երկրում։ Դորտմունդի «Բորուսիան» ունի իր նախկին խաղացողներին հիշելու ու նորից թիմ բերելու փորձ։ Հիշենք Մատս Հումելսին, կամ էլ Նուրի Շահինին։ Մեկը «Բավարիայում» գերազանց կարիերայից հետո վերադարձավ հարազատ ակումբ, իսկ մյուսը «կործանվեց» «Ռեալում» ու եկավ հետ։ Մխիթարյանը Դորտմունդում է անցկացրել իր կարիերայի լավագույն տարիները։ Հիմա այդ «Բորուսիայից» գրեթե բան չի մնացել։

Ամռանն այնտեղ ևս մարզչական փոփոխություն է լինելու։ Թիմի ղեկը ստանձնելու է նպատակասլաց Մարկո Ռոզեն, որը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ տպավորիչ մրցաշրջան անցկացրեց։ Մխիթարյանի ներկայությունը կարող է ուժեղացնել թիմի կազմը։ Այս տարբերակի մասին լրջորեն մտածելու համար կան հիմքեր։ 2017 թվականին, երբ Մխիթարյանը ցանկանում էր հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», Դորտմունդի «Բորուսիան» լրջորեն հետաքրքրված էր նրա վերադարձով։ Գուցե շատերն ասեն, որ այն ժամանակ իրավիճակն այսպիսին չէր։ Այո՛, իրավիճակը լրիվ այլ էր։ Մխիթարյանը ազատ գործակալ չէր, այդքան էլ լավ մարզավիճակում չէր։ Իսկ հիմա հայ կիսապաշտպանը լավ մարզավիճակում է ու նրա ձեռքբերման համար գերմանական թիմը ոչ մի դրամ չի վճարելու, քանի որ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանից հետո։

«Մոնակո»

Մխիթարյանն իր ուժերը փորձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, Ա սերիայում, Բունդեսլիգայում։ Գուցե նորի՞ց եկել է լիգան փոխելու ժամանակը։ Դիտարկենք «Մոնակոյի» տարբերակը։ Այս մրցաշրջանում «Մոնակոն» շատ է ավելացրել։ Նիկո Կովաչի գալուց հետո ակումբը նորից մրցակցային է դարձել ու հիմա պայքարում է չեմպիոնության և Ֆրանսիայի գավաթի համար։ Մխիթարյանի համար այսպիսի թիմում կարիերան շարունակելը նոր մոտիվացիա կառաջացնի։ «Մոնակոյում», ինչպես միշտ, խաղում են տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդներ, բայց նաև կա օրինակ Սեսկ Ֆաբրեգասը, որն իր փորձով ու միայն ներկայությամբ շատ բան է տալիս թիմին։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը ոչ միայն կարող է իր փորձով կիսվել, այլ նաև մեծ ներդրում ունենալ թիմի խաղի մեջ։ Լիգա 1-ում հայ կիսապաշտպանը կխաղա բարձր մակարդակով։

Մոնակո տեղափոխությունը Մխիթարյանի համար դրական կլինի նաև ոչ ֆուտբոլային տեսանկյունից։ Առհասարակ Մոնտե Կառլոն մարզիկների համար համարվում է Եվրոպայի ամենահանգիստ վայրերից մեկը։ Այստեղ համաշխարհային սպորտի շատ դեմքեր են ապրում։ Հռոմից հետո, որտեղ Մխիթարյանը շատ լավ է հարմարվել, Թուրին, կամ Նեապոլ գնալը բարդ կլինի։ Դորտմունդում նա եղել է, իսկ Միլանը խոշորագույն քաղաք է, որտեղ նորից հարմարվել է պետք։ Իսկ Մոնակոյում ամեն ինչ շատ ավելի հանգիստ է, մարզաբազան ու խաղադաշտը մոտ են։  Չկա այն մեծ քաղաքի զգացողությունը, որը շատ հաճախ հոգնեցում է ֆուտբոլիստներին։

«Ռոմայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում շատ շուտով կլինեն հրապարակումներ, որոնք Մխիթարյանին այս ու այն թիմ «կուղարկեն»։ Ո՞ր թիմում կխաղա Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում․ այս հարցը շարունակում է բաց մնալ։ Նշված տարբերակներն հավանական ու հարմար շարունակություններն են։